ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտի 31-ին Բրատիսլավայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Լայչակին զեկուցվել է մարտի 29-ին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպման արդյունքների մասին: Գործող նախագահը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը, երկու պետությունների ղեկավարների հանձնառությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար ուղիներ փնտրելու ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու հարցում: «Մենք շարունակում ենք դրական տրամադրված լինել ու ամբողջովին աջակցել այս գործընթացին և ղեկավարների՝ հրադադարի ռեժիմն ամրապնդելու, մարդասիրական ոլորտում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ հանձնառությանը»,-ասվում է Լայչակի հայտարարությունում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ էին հանդես եկել Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ: Նրանք ընդգծել են, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում: «Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է ընձեռել երկու ղեկավարների համար պարզաբանել իրենց դիրքորոշումը: Նրանք մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք հիմնական հարցերի շուրջ», - ասվում է հայտարարության մեջ: «Երկու ղեկավարներն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման և բանակցային գործընթացում հետագա հստակ և զգալի քայլեր ձեռնարկելու կարևորությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Վերհիշելով իրենց զրույցը Դուշանբեում՝ առաջնորդները հաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի ամրապնդմանը և անմիջական շփման մեխանիզմների բարելավմանը: Նրանք համաձայնել են նաև հումանիտար ոլորտում մի շարք գործընթացներ զարգացնել:
Վարչապետն ու նախագահը հրահանգել են իրենց նախարարներին կրկին հանդիպել համանախագահների հետ մոտ ապագայում: Նրանք համաձայնել են նաև շարունակել ուղիղ երկխոսությունը», - ասվում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: