Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ևս մեկ անգամ ձախողել է բրեկզիտի այլընտրանքային տարբերակներից որևէ մեկը հաստատելու քվեարկությունները, վարչապետ Թերեզա Մեյը հանդես է եկել կառավարության «շաթդաունի» կոչով: The Guardian-ը գրում է` երկուշաբթի բրիտանական խորհրդարանում քվեարկության էին դրվել բրեկզիտի 3 այլընտրանքային տարբերակները՝ ԵՄ-ի հետ ընդհանուր շուկայի կամ մաքսային միության ստեղծում, ԵՄ կազմից դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվեի անցկացում: Պահպանողական կուսակցության անդամները հրաժարվել են հավանություն տալ երեք տարբերակներից որևէ մեկին:
Պարբերականը նկատում է, որ, ըստ ԵՄ առաջնորդների առաջադրած պայմանի, եթե խորհրդարանն առաջիկա օրերի ընթացքում որևէ որոշում չկայացնի, Լոնդոնին ընդամենը 10 օր կմնա ԵՄ-ն առանց որևէ համաձայնագրի լքելու համար:
Բրեկզիտի գծով բրիտանացի քարտուղար Սթիվ Բարքլեյն ընդգծել է, որ Համայնքների պալատը մերժում է և ԵՄ-ն առանց շահեկան համաձայնագրի լքելու, և դրա կազմում մնալու առաջարկները: «Սակայն Մեծ Բրիտանիայի համար լավագույն տարբերակը համաձայնագրի կնքմամբ ԵՄ-ն լքելն է»,-նշել է պաշտոնյան:
Թերեզա Մեյի՝ կառավարության «շաթդաունի» կոչի մասին լրատվամիջոցները մանրամասներ չեն հրապարակում: