Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը, հերթական անգամ ցույց է տալիս, թե ում հետ մենք գործ ունենք` ասել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։
Նրա համոզմամբ՝ ի դեմս Ադրբեջանի՝ մենք գործ ունենք մի երկրի հետ, որը չի հրաժարվել իր հայատյաց քաղաքականությունից, ատելությունից և խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ցանկությունից։ «Սա իրենց գործն է. բնական է, որ մենք այլ բան չենք էլ սպասում։ Մենք այդ բոլոր հայտարարություններն ի գիտություն ենք ընդունում, լուրջ ենք վերաբերում, բայց ի վերջո Ալիևին հիշեցնում ենք մեկ բան. մենք հասկանում ենք, որ նա անընդհատ ուզում է գալ Ստեփանակերտ և Շուշի։ Բայց դրա համար երկու ճանապարհ կա։ Ինքն է ընտրում այդ ճանապարհները՝ մեկը դիվանագիտականն է՝ ամենակարճը, ոչ արյունալին և ամենաքաղաքակիրթ ձևը։
Այսինքն՝ Ադրբեջանը ճանաչում է Արցախի Հանրապետությունը։ Մենք այստեղ բացում ենք Ադրբեջանի դեսպանատուն, հյուպատոսական ծառայություն, բոլոր դիվանագիտական համապատասխան կառույցները։ Երկրորդ ճանապարհն այն է, որ նրանք, որպես ռազմագերիներ, պետք է մեր հաղթական շքերթի ժամանակ անցնեն Ստեփանակերտի փողոցներով։ Տարբերակներն այս երկուսն են, իրենք պետք է որոշեն»` ասել է Դավիթ Բաբայանը։