Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Այս հակամարտությունը պետք է գտնի իր լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բանակցությունների նպատակն ադրբեջանական տարածքների ազատագրումն է», - ասել է Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի ՊՆ հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ, հայտնում է «Интерфакс»-ը: Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հակամարտությունը դեռ չի ավարտվել:
«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված», - ասել է Ալիևը: Նա հայտարարել է, որ Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարևոր էր «այդ թվում`բանակցությունների գոյություն ունեցող ձևաչափի հաստատման տեսանկյունից»: «Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունները պետք է անցկացվեն և անցկացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասել է Ադրբեջանի նախագահը: