Հայաստանի դիրքերը ներդրողների շրջանում ամրապնդվում են, և դա լավ հնարավորություն է նոր ներդրումներ ներգրավելու` հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը իր գլխավորած սփյուռքահայ ներդրողների խմբի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ արտերկրից մոտ ժամանակներս պատրաստվում են Հայաստան ժամանել ներդրողների նոր խմբեր, որոնք շահագրգռված են գործարար միջավայրի բարելավման պայմաններում երկրում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Ներդրողները Փաշինյանին են ներկայացրել էներգետիկայի, շինարարության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը ողջունում է գործարարների նախաձեռնությունները և պատրաստ է օժանդակել ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանը: Վարչապետն առաջարկել է էներգետիկայի ոլորտում ծանոթանալ կառավարության ներկայացրած ներդրումային փաթեթներին և հնարավորության դեպքում մասնակցել մրցույթներին:
Ներդրողները ողջունել են Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությունն ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը, և համոզմունք են հայտնել, որ դրանք կնպաստեն ոչ միայն արտասահմանցի ներդրողների ներգրավմանը, այլև հայրենիքում սփյուռքահայ գործարարների ներուժի համախմբմանը: