Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Հորդանան։ Մայրաքաղաք Ամմանում ապրիլի 5-7-ը տեղի կունենա Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպումը, որին նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրված է որպես բանախոս:
Համաշխարհային տնտեսական համաժողովի հանդիպումը կազմակերպվել է Հորդանանի Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի և թագուհի Ռանիա Ալ-Աբդալլահի աջակցությամբ և նրանց բարձր հովանու ներքո: Ներկա են լինելու տարբեր երկրների պետական, գործարար ու քաղաքացիական շրջանակը ներկայացնող ավելի քան 1000 առաջնորդներ, ովքեր կքննարկեն այն մարտարհրավերները, որոնց առերեսվում է տարածաշրջանը: Հանդիպման մասնակիցները կխոսեն էներգետիկ անվտանգության, մաքուր և վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, կիբերանվտանգության և մի շարք այլ հարցերի շուրջ: ՀՀ նախագահը ելույթ կունենա «Նոր էներգիա Մերձավոր Արևելքի համար» քննարկման շրջանակում:
Նա կհանդիպի նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ, հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբի հետ: Արմեն Սարգսյանը ֆորումի երկարամյա մասնակիցներից է և Կլաուս Շվաբի հետ վաղեմի բարեկամություն ունի:
Հորդանանում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության, գործարար շրջանակի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: