Ձերբակալվել է մի անձ, որը Ֆեյսբուքում վարել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը` լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ֆեյքերի հետ կապված հանձնարարությունը, որ ստացվել է վարչապետից, արդեն իսկ կատարվել է։ Այսօր ձերբակալվել է մեկ անձ։
Ֆեյսբուքում շատ հայտնի մի էջ կա, որը ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում՝ դա «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջն է, որը, կարծում եմ, բոլոր օգտատերերը շատ լավ գիտեն, այդ էջի տակ թաքնված անձը պարզաբանվել, հայտնաբերվել և ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ՝ ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ Մնացած մանրամասները կտրամադրի ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը», - ասաց Արթուր Վանեցյանը։
«ԱԱԾ-ն չի պայքարում ֆեյքերի դեմ, ԱԱԾ-ն պայքարում է այն հայտարարությունների ու հայտարարություններ անողների դեմ, որոնց հայտարարությունների պարունակության մեջ կա հանցակազմ։ Եթե հայտարարության մեջ հանցակազմ չկա, ԱԱԾ-ն այդտեղ որևէ գործ չունի անելու, որովհետև խոսքի ազատությունը ամենակարևոր սկզբունքն է, որը մենք չենք կարող խախտել», - ընդգծեց ԱԱԾ տնօրենը: