Հորդանանում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է թագավոր Աբդալլահ երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հետ։ Նա ողջունելով Հայաստանի նախագահին, մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին և նշել, որ երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջև եղել են շատ խոր կապեր և պատմականորեն ձևավորված բարեկամություն։
Աբդալլահ երկրորդը ընդգծել է Հորդանանի հայկական համայնքի կարևոր դերը երկրի կյանքում: Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: Ընդգծելով թագավոր Աբդալլահ երկրորդի, նրա հոր ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ Հայաստանի նախագահն ասել է, որ հայ-հորդանանյան բարեկամության լավագույն վկայությունը Հորդանանի ափին վեր խոյացող հայկական եկեղեցին է։
Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը ջերմ ու բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Արմեն Սարգսյանի խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը և Հորդանանը կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները։
Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում կա փոխգործակցության մեծ ներուժ, և երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության ոլորտներում։ Հորդանանի թագավորն առաջիկայում Հայաստան կգործուղի պատվիրակություն՝ տեղում փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
Հայաստանի նախագահը հրավիրել է Աբդալլահ երկրորդին այցելել Հայաստան։
Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի բացմանը։ Հորդանանի թագավորի և թագուհու աջակցությամբ ու նրանց բարձր հովանու ներքո անցկացվող ֆորումի բացմանը ներկա են եղել երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, պետական, գործարար ու քաղաքացիական 1000 առաջնորդներ։
Հայաստանի նախագահը Հորդանանում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, «Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ» էմիրաթական խոշոր ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալայն Բեջանիի հետ. ընկերությունների այս խմբի մեջ է մտնում նաև Carrefour Armenia-ն, և Արմեն Սարգսյանն ու Ալայն Բեջանին քննարկել են Հայաստանում ընկերության ներկայությունն ավելի ընդլայնելու ծրագիրն ու ներդրումային հնարավորությունները։