Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի և նրա կառույցների աշխատանքներում` ասել է Հորդանանում նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը։ Կարևորելով ՄԱԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունը՝ նախագահն ասել է. «Ունենք բավականին ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն, մեծ ցանկություն այն ավելի ինտենսիվ դարձնելու հատկապես ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՅՈւՆԻՍԵՖ-ի շրջանակներում»։
Արմեն Սարգսյանն ընդգծել է նաև Անտոնիո Գուտերեշի մեծ ներդրումը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի գործունեության մեջ, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է եղել երկար տարիներ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ում և նրա կառույցներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։
Հայաստանի նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ։ Նա և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը և ընդգծել, որ ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։