Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Պորտուգալիա:
Նա որպես բանախոս կմասնակցի Horasis վերլուծական կենտրոնի ամենամյա հանդիպմանը: «Horasis»-ն անկախ միջազգային թինք-թանք է, որը համագործակցության ու գիտելիքներ փոխանակելու հարթակ է տրամադրում զարգացած երկրներին ու զարգացող շուկաներին:
Վերլուծական կենտրոնն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների հետ: Կենտրոնի ամենամյա հանդիպումների ընթացքում առաջարկվում են ռազմավարական լուծումներ այն խնդիրների ու մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և խոշոր ընկերությունները: Նախագահը որպես բանախոս ելույթ կունենա «Ձևավորելով ապագան» քննարկման շրջանակում:
Այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի և վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ, կհանդիպի նաև Պորտուգալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանը կայցելի Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ, որ ստեղծվել է 1956-ին՝ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի կտակի համաձայն: Հիմնադրամն իրականացնում է տարատեսակ ծրագրեր՝ ուղղված գիտության, կրթության ու արվեստի զարգացմանը, ամեն տարի կրթաթոշակներ և դրամաշնորհներ տրամադրում տարբեր ինստիտուտների, կազմակերպությունների ու անհատների՝ այս ոլորտներում գործունեություն իրականացնելու նպատակով: