Ռուանդայում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 6-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Նրանք անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման գործնական քայլերին:
ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և նորարարության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը և որպես ՖՄԿ գագաթաժողովում նախագահության գերակա ուղղություն, ի թիվս այլոց, առանձնացրել ֆրանկոֆոն տարածաշրջանի պետությունների միջև առևտրատնտեսական բաղադրիչի խթանումը և թվային օրակարգի առաջմղումը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներուժի արդյունավետ օգտագործումը և այդ ոլորտում հայաստանյան փորձի տեղայնացումը: Մնացականյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական հետաքրքրվածություն են դրսևորում առավել ընդլայնելու աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ բազմակողմ համագործակցությունը, որի առնչությամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը լավ հարթակ է փոխշահավետ շփումների հաստատման և զարգացման գործում:
Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Կազմակերպության խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների, գործունեության հետագա ծրագրերի, ֆրանկոֆոնիայի շրջանակներում տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների, միջազգային այլ կառույցների հետ սերտ համագործակցության շուրջ: