ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախորդ շաբաթ ուղարկվել է Կիպրոսի օրենսդիր մարմին և կվավերացվի սեղմ ժամկետներում` Կատարում հայտարարել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
Արարատ Միրզոյանը նշել է, որ Կիպրոսն առաջին երկիրն էր Եվրոպայում և երկրորդն աշխարհում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դատապարտել ոճրագործությունը։ ՀՀ ԱԺ-ն միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն։ ԱԺ նախագահը կարևորել է Կիպրոսի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ սեղմ ժամկետներում վավերացումը։
Դեմետրիս Սիլուրիսը հրավիրել է Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով Կիպրոս. Աժ նախագահը սիրով ընդունել է հրավերը։ Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են նաև Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրելու նախաձեռնության կյանքի կոչման ուղղությամբ։