Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) դեպի Իրան շարժվեց ջրհեղեղից տուժած ազգաբնակչությանը օժանդակություն ցուցաբերելու նպատակով մարդասիրական օգնության շարասյունը: Օգնության խմբաքանակը Իրանի բարեկամ ժողովրդին տրամադրվել է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում՝ Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության միջոցով: Այն ներառում է 40 վրան, 250 մահճակալ և 4000 ծածկոց: Շարասյան ավարտական կետը Թավրիզ քաղաքն է, որտեղ և խմբաքանակը կփոխանցվի Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությանը: Միջոցառմանը ներկա էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ: Ցոլակյանը նշել է, որ Իրանին պատուհասած աղետը աննախադեպ է չափերով և ծավալներով, շեշտելով, որ բնական տարերքի վտանգը դեռևս պահպանվում է և կարող է հասնել մայրաքաղաք Թեհրան:
Մարտի 28-ին ԱԻ նախարարի և Իրանի դեսպանի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ջրհեղեղից տուժածներին օժանդակելու համար բանակցել Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ:
«Նույնպիսի տրամադրվածություն կար նաև ռուսական կողմի մոտ, և Ռուսաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պայմանագրի շրջանակներում, օգտագործելով Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորությունները, մենք փորձում ենք փոքր-ինչ օգտակար լինել Իրանի Իսլամական Հանրապետությունը և հայտնում ենք մեր պատրաստակամությունը հետագայում նույնպես օգնության ձեռք մեկնելու կապակցությամբ»,- նշել է Ֆելիքս Ցոլակյանը: Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ «մարդասիրական զգացմունք ցուցաբերելու համար»: «Այս օգնությունը մարդասիրության շատ խորհրդանշական նշան է»,- ասել է Իրանի դեսպանը: