Նաիրա Զոհրաբյանը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն զբաղվում է այլոց վրա «մեղքը» բարդելով` ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Զոհրաբյանի հայտարարությանը, թե Սիմոնյանը կամ պետք է հրապարակի «Իրավունքի կողմ» ՀԿ անդամ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին ուղղված հրավերը, կամ պետք է ներողություն խնդրի:
Ալեն Սիմոնյանը գրել է. «Քիչ առաջ տ-ն Ն.Զոհրաբյանն ինձ Ստրասբուրգից 24 ժամ տվեց, որպեսզի ես հերքեմ կամ ապացուցեմ, որ ինքն է հրավիրել կոնկրետ աղմուկ բարձրացրած ՀԿ-ի ներկայացուցչին:
Եվ այսպես.
1) Բաց հրավերը եղել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի կողմից (լուսանկար 2), իսկ հանձնաժողովի նախագահն է տ-ն Զոհրաբյանը:
2) Հրավիրյալները նախապես գրանցվել են վերը նշված հանձնաժողովի քարտուղարությունում, որի ղեկավարը տ-ն Ն. Զոհրաբյանն է:
3) Մասնակիցների ցանկը և լսումներին ԱԺ մուտք գործելու անձանց ցանկը հաստատել է և խնդրել, որ ներս թողնեն կրկին տ-ն Զոհրաբյանը: Հիմա հարց` ո՞վ է հրավիրել հրավիրյալներին: Այս ամենում ոչ մի զարմանալի և արտառոց բան չկա, քանզի բացի հանձնաժողովի նախագահից որևէ մեկը լիազորված չէ վերը նշված քայլերը կատարել: Ցավալի է միայն այն, որ տ-ն Զոհրաբյանը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն` զբաղվում է այլոց վրա «մեղքը» բարդելով: Դեռ այսքանը...»:
Նաիրա Զոհրաբյանը ուղիղ եթերում հայտարարել էր, որ Ստրասբուրգից հետևել է տեղի ունեցող իրադարձություններին` ընդգծելով, որ փորձ է արվում անպարկեշտ մանիպուլյացիաներ անել, թե «Իրավունքի կողմ» ՀԿ անդամ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին ինքն է հրավիրել խորհրդարան` դա համարելով «լկտի և անամոթ սուտ»: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ընթացակարգը և նշել, որ ԱԺ անվտանգությունը պահանջել է հանձնաժողովից տալ այն ՀԿ-ների անունները, որոնք պետք է մուտք գործեն ԱԺ շենք: Ըստ նրա` 40-ից ավելի ՀԿ զանգահարել և ցանկություն է հայտնել մասնակցել` տեղյակ լինելով օրակարգի հարցերին: