Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում հայկական կողմն առաջարկել է «Գազպրոմ» ընկերության հետ հնգամյա համաձայնագիր կնքել՝ գազի սակագնի մասին ամեն տարի թարմացվող պայմանագրի փոխարեն։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը առաջարկը ներկայացնողներից մեկն է եղել, «Ազատությանը» նա ասել է, որ սակագնի երկարամյա պայմանագիրը կնպաստի տնտեսության կայունությանը: «Որպեսզի Հայաստանում ձևավորվող սակագների հետ կապված քաղաքականությունը լինի ավելի որոշակի, ավելի կանխատեսելի, ցանկանում ենք, որ ռուսական կողմի մեր գործընկերների հետ առնվազն հինգ տարվա կտրվածքով ունենալ նմանատիպ համաձայնագիր», - նշեց Մելքոնյանը։
Կողմերի միջև այսպիսի համաձայնագիր կնքվել էր 2013-ին, որն իր ուժը կորցրեց այս տարվա սկզբին․ այդ 5 տարիներին հայկական կողմը սահմանին 1000 խորանարդ մետր գազը գնում էր 150 դոլարով: Հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ Էքսպորտ» ընկերությունների լրացուցիչ մեկ տարվա ժամկետով համաձայնագիրը, 1000 խորանարդ մետր գազը 15 դոլարով թանկացավ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թանկացումը բնակչությունը չի զգա, պետությունը կսուբսիդավորի։ Տիգրան Մելքոնյանի խոսքով՝ այնպիսի առաջարկ են ներկայացնելու, որ հնարավոր լինի խուսափել գազի սակագնի այսպիսի տատանումներից: «Բնականաբար, պիտի աշխատենք, որ նվազեցնենք բոլոր ռիսկերը, և մեր աշխատանքներն ուղղված լինեն Հայաստան մատակարարվող գազի գնի նվազմանը, ոչ թե թանկացմանը», - ընդգծեց Մելքոնյանը։