Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաղթել է ապրիլի 9-ի Կնեսետի ընտրություններում և կկարողանա իշխող կոալիցիա ձևավորել, հայտնում է The Jerusalem Post-ը՝ մանրամասնելով, որ հաշվվել է քվեաթերթիկների 97%-ը:
Ըստ նախնական արդյունքների՝ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը 35 տեղ է ստացել խորհրդարանում: «Շնորհակալ եմ Իսրայելի քաղաքացիներին իրենց վստահության համար: Այս պահից սկսած աջակողմյան ուժերի կառավարություն կձևավորեմ մեր գործընկերների հետ»,-կեսգիշերին հայտարարել է Նեթանյահուն:
Մի քանի կուսակցություն արդեն հայտնել է Նեթանյահուին միանալու որոշման մասին:
Վարչապետի պաշտոնի թեկնածու Բենի Գանցի «Կապույտ և սպիտակ» կուսակցությունը երկրորդ տեղում է և խորհրդարանում կունենա 35 տեղ: Նախքան Նեթանյահուի հայտարարությունը Գանցն ասել էր, որ հաղթել է իր կուսակցությունը:
«Այս ընտրություններն ունի հստակ հաղթող և պարտվող: Նեթանյահուն 40 տեղ էր խոստացել ու պարտվեց: Նախագահը կարող է տեսնել ստեղծված պատկերն ու պետք է հաղթողին ասի կառավարություն ձևավորել: Այլընտրանք չկա»,-ասել էր Գանցը: Իսրայելի խորհրդարան կանցնի ԼԳԲՏ համայնքի 5 ներկայացուցիչ:
Հաղթանակը շատ կարևոր էր Նեթանյահուհի համար, որին գլխավոր դատախազ Ավիչայ Մանդելբլիթը փետրվարին հարցաքննել էր կաշառք ստանալու գործի շրջանակում: Այժմ հաղթանակը վարչապետին հնարավորություն կտա նոր ուժով դիմակայելու մեղադրանքին: