«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ձերբակալումից ու կալանավորումից հետո ընկերության ներկայացուցիչները, այդ թվում և Դավիթ Ղազարյանը, մի քանի անգամ հնչեցրեցին, որ իրենք դադարեցնում են մթերումներն ու արտահանումը։ Ընկերության տնօրենը հատկապես ընդգծեց ծիրանի մթերման դադարեցումը։ «Սպայկայի» սպառնալիքներին արձագանքել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ոչ ոք, ոչ մի ընկերություն չի կարող կառավարության և քաղաքացիների հետ սպառնալիքի լեզվով խոսել: «Եթե իրենք ուզում են դադարեցնել մթերումը, թող դադարեցնեն։ Ուրիշ ընկերություններ կհայտնվեն, մրցակցային պայմաններում շուկան ինքնին կկարգավորվի։ Բայց հեսա կտեսնենք՝ կկանգնեն, թե չեն կանգնի։ Լավ էլ կաշխատեն, քանի որ այսօր ոչ ոք, հատկապես իրենք չեն համարձակվի գնալ միլիոնավոր դոլարների վնասի, ինչ է թե բոյկոտեն։ Ամեն ընկերություն պատասխանատու է, որ իր գործունեությունը լինի օրինական»,- ընդգծել էր վարչապետը՝ հավելելով, որ «Սպայկայի» հետ կապված քննության ընթացքում չի բացառվում, որ կբացվի «հսկայական մախինացիաների հետ կապված մի մեծ շղթա, որը չէր կարող տեղի ունենալ առանց ամենավերևների հովանավորության»։