«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արամ Աթեշյանն իր թեկնածությունը կառաջադրի Պոլսո պատրիարքական ընտրություններին, և դա շատ դրական է

Արամ Աթեշյանն իր թեկնածությունը կառաջադրի Պոլսո պատրիարքական ընտրություններին, և դա շատ դրական է
11.04.2019 | 12:46

Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանի խոսքով՝ Սուրբ Հարության տոնից հետո կսկսվի Պոլսո պատրիարքական ընտրությունների գործընթացը: Նա Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց, որ նախ կլինի կրոնական ժողով, որի ընթացքում կորոշվի ընտրությունների ճանապարհային քարտեզը: «Ներկայումս պատրիարքարանում անցումային շրջան է: Մտահոգություններ կային, թե ինչպես պետք է անցկացնել այդ անցումային շրջանը, բայց Մեսրոպ պատրիարքի այս 11 տարիների հիվանդությունը մեզ սովորեցրեց՝ ինչպես հաղթահարել նման դժվարությունները: Հիմա պատրիարքական ընտրության պետք է գնանք պատրիարքի վախճանվելու պատճառով»,- ասաց նա:
Հիմա, ըստ Արա Գոչունյանի՝ դժվարացնող հանգամանքներ ընտրությունների կազմակերպման գործընթացում չկան: Նա դեռ վաղ համարեց խոսել հավանական թեկնածուների մասին, բայց նշեց, որ նախորդող իրադարձությունների՝ տեղապահի ընտրությունների ժամանակ հայտնի դարձան այն բնական թեկնածուների անունները, որ կարող էին մասնակցել ընտրություններին: Նա չբացառեց, որ համայնքում լարվածություն կլինի: Նկատեց, որ ցանկացած ընտրության պարագայում լարվածություն լինում է: «Այս 10 տարիներին եղած պառակտումները համայնքին ներքին համերաշխությունից հեռացրել են: Բայց ինձ թվում է, որ այս գործընթացում պատասխանատվություն կլինի»,- ասաց նա:


Կրոնական ժողովից հետո, ըստ Արա Գոչունյանի, կարևոր է, որ երկրի իշխանություններին պատշաճ դիմումներ ներկայացվեն ընտրությունների հետ կապված: «Այնպիսի գործընթաց է, որ պետք է ամբողջությամբ համաձայնեցվի պատկան իշխանությունների հետ, և համակարգված աշխատանք պետք է իրականացվի, որ ընդունվեն Հայ առաքելական եկեղեցու կողմից և օրինական ընկալվի Թուրքիայի իշխանությունների կողմից»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե քննարկվում է, որ Թուրքիայի իշխանությունները կցանկանան, որ իրենց համար ցանկալի թեկնածու ընտրվի, միջամտեն պատրիարքական ընտրությունների գործընթացին, նա արձագանքեց․ «Միշտ էլ նման իրավիճակներում նման քննարկումներ լինում են, սակայն հիմա չեմ կարծում, որ նման բան լինի: Պետք է ամեն ինչ անել, որ համայնքում ներքին ներդաշնակություն և համաձայնություն լինի: Այն հարցերը, որտեղ պետությունից կախում ունենք և ներքին կոնսենսուս չունենք, մշտապես հապաղումով են լուծվում: Բայց եթե իշխանությունները զգում են, որ համայնքում կա ներքին միասնություն, համայնքը սկսում է համախմբվել, իրենից կախվածն անում է»,- ասաց նա:
Անդրադառնալով Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հնարավոր առաջադրմանը՝ Արա Գոչունյանը նշեց, որ տրամաբանությունը հուշում է, որ նա կառաջադրվի: Դիտարկմանը, թե նա հակասական տրամադրություններ է առաջացնում համայնքում, Արա Գոչունյանը պատասխանեց․ «Նրա մասին կարծիքները, երբեմն, հակասական են եղել, բայց դա այն պատճառով է, որ նա պատրիարքի փոխանորդ՝ գործի գլուխ լինելով, առավել շատ էր քննարկվում և քննադատվում: Բայց այս գործընթացում, կարծում եմ, մենք այլ մոտեցում պետք է ունենանք․ և Արամ սրբազանի, և մյուս սրբազանների դեպքում, որոնք էլ ինչ-որ բացթողումներ ունեցել են, պետք է որոշակի մոտեցումները փոխել, պետք է նրանց նոր աչքով նայել, պետք է նրանց դրականը ողջունել»:


Արա Գոչունյանը դժվարացավ ասել, թե Արամ Աթեշյանին սատարողները համայնքում շատ կլինեն: Նա նշեց․« Վերջին խոսքն ասողը ժողովուրդն է, նա պետք է գնա թեկնածուների շարքից մեկին ընտրի: Ժողովուրդը պետք է հաշվի առնի, թե ով ինչ է արել: Արամ Աթեշյանը կառաջադրվի թեկնածու, որովհետև նա փոխանորդի գործունեության ամբողջ շրջանում ինքը փորձում էր անընդհատ արդարանալ և ցույց տալ, թե ինչպիսի անհնարինության մեջ է գործում:
Նա ամբողջ հատվածում իր վրա էր վերցնում քննադատությունը, և հիմա ժամանակն է, որ իր արածի գնահատականը ստանա: Ես վստահ եմ, որ Արամ Աթեշյանն իր թեկնածությունը կառաջադրի, և դա շատ դրական է, որովհետև մենք կկարողանանք հասկանալ, թե ինչպես է ժողովուրդը գնահատում նրա 11 տարվա գործունեությունը»,- ասաց նա:

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ