Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ բելառուսական մի շարք ապրանքների համար իր շուկան փակելու Ռուսաստանի գործողությունները պատժամիջոցների բնույթ են կրում: Կառավարության տնտեսական բլոկի հետ կայացած խորհրդակցությունում նա ասել է. «Վերջին ժամանակներս (գուցե ԶԼՄ-ները ստում են, գուցե մասնագետները ոչ ճիշտ տեղեկատվություն են տրամադրում) ես ամեն օր լսում ու կարդում եմ տեղեկատվություն, որ մեր հիմնական առևտրական գործընկերը (նրանք սիրում են իրենց գործընկերներ անվանել) ավելի ու ավելի շատ պատժամիջոցներ են սահմանում Բելառուսի դեմ». «Նրանք իրենք են պատժամիջոցների տակ, և դատապարտում են դա, և այս հարցում ես բացարձակապես պաշտպանում եմ նրանց, բայց միևնույն ժամանակ նույն զենքով պատերազմում եմ իրենց մերձավոր դաշնակիցների դեմ»: Լուկաշենկոն մատնանշել է, որ ռուսական կողմը պարբերաբար փակում է բելառուսական ձեռնարկությունները: «Մերթ գազարը, մեր սալաթը, մերթ վարունգը դուր չի գալիս, մերթ նրանք կասկածներ են ունենում, որ մենք ինչ-որ բան այնտեղից չենք մատակարարում, ամեն օր մեր ձեռնարկությունների փակում է տեղի ունենում: Մեր առջև փակում են շուկան», - ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահի կարծիքով՝ Մինսկը պետք է հակազդի և համարժեք միջոցներ ձեռնարկի: «Շարունակ խփում են մեր ձախ այտին, մենք աջն ենք դեմ տալիս: Պարզեք և առանձին զեկուցեք հաջորդ շաբաթ», - ասել է Լուկաշենկոն՝ փոխվարչապետ Վլադիմիր Դվորնիկին, որը ղեկավարում է ագրոարդյունաբերական համալիրը և սննդամթերքի արտահանումը: