«Ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանի կոստյումը հագել, ո՞ւմ է պատիվ բերում այդ կոստյումը հագնել»՝ դիմեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը, որն Ազգային ժողովում այսօր ներկայացնում էր Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը: «Հայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքն անվանվել է Սերժ Սարգսյանի կոստյում։ Ասում եք՝ այդ կոստյումի այս կոճակները տեսնո՞ւմ եք, էս կոճակները հանում եք, մեկ էլ այս կողմից երկու կոճակ եք հանել ու ասում եք՝ «այս կոստյումն արդեն մենք հագնում ենք ու վսյո, էսի լավ կոստյում ա»։ Ուրեմն էն կոստյումը, որը կարվել էր, չի փոխվել և էդ սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ», - նշեց Մարուքյանը։ Նա դժգոհ է, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պես շարունակում է Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պահպանել իր ենթակայության տակ: Մինչդեռ մեկ տարի առաջ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ծրագիրը ներկայացնելիս Ազգային ժողովի ամբիոնից խոստացել էր փոխել ուժային կառույցների կարգավիճակը:
«Եվ էդ երկու կոճակը հանելով՝ վարչապետը մնացել է ոստիկանության պետը, վարչապետը մնացել է ԱԱԾ-ի պետը, վարչապետը մնացել է ՊԵԿ-ի պետը», - ասաց Մարուքյանը։