«Սրանով նորից, հերթական անգամ առիթը բաց չեք թողնում գնդակահարել խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը։ Հիմա ի՞նչ է, նորից նույն հարցն է առաջանում, հիմա Կառավարությո՞ւնն է մեր նկատմամբ հսկում, թե՞՝ մենք կառավարության»՝ հարց բարձրացրեց ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն դեմ են Գյուղատնտեսության, Մշակույթի նախարարությունների օպտիմալացմանը: Ընդդիմադիրները նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից կրկին հստակ թվեր պահանջեցին՝ որքա՞ն միջոց է խնայվելու այս կառուցվածքային փոփոխությամբ և օպտիմալացման հետևանքով քանի՞սն են գործազուրկ դառնալու:
«Մի քանի տասնյակ մարդ կկրճատվի միանգամից, երբ որ միաձուլում լինի՝ քաղաքական և հայեցողական պաշտոնների մասին է խոսքը, և մի քանի հարյուր մարդ ոչ թե կդառնան գործազուրկ, ինչպես դուք եք շեշտում, կամ ուրիշներն են շեշտում, այլ օրենքով սահմանված կարգով կլինեն ռեզերվում, դա գործազրկություն չէ», - ասաց Զեյնալյանը։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հարցրեց. - «Ի՞նչ է լինելու գործազուրկ դարձող հպարտ քաղաքացիների հետ, ասում են՝ մնալու են ռեզերվում, այսինքն՝ նստելու են պահեստայինի նստարանին, վստահ եմ՝ ես էլ, դուք էլ չեք կասկածում՝ նստելու են հավերժ»։