Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությանը։ Կոնգրեսականներին ուղեկցել են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Գայանե Աբրահամյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անկախության տարիներից ի վեր տարբեր ոլորտներում ցուցաբերվող զորակցությանը: Վեհափառ Հայրապետը կարևորել է ԱՄՆ-ի կողմից, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ գործադրվող ջանքերը: Զրույցի ընթացքում խոսվել է նաև երկրի առջև ծառացած մարտահրավերների ու դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների մասին, անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, հասարակության մեջ հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդման գործում: