Այստեղ տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա․ ԼՀԿ խմբակցության գրավոր հարցապնդման քննարկմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Ըստ նրա՝ ընդդիմադիրները վերցր են «օպտիմալացում» բառը, որը նշանակում է լավագույն տարբերակ և փորձում են մանիպուլյատիվ ճանապարհով վերագրել «լուծարում», «կրճատում» բառերը։ Նա ասաց, որ որևէ բան չի կրճատվում կամ լուծարվում, ու եթե հաստիքներ են կրճատվում, փոխվարչապետի, նախարարի, փոխնախարարի կամ փոխմարզպետի հաստիքներ, այսինքն՝ հաստիքներ, որոնք իրապես անհրաժեշտություն չեն, և հասարակ քաղաքացիների մասին չէ խոսքը։ «Կառավարությունը նավարկությունը սկսել է իրենից՝ կրճատումները սկսելով վերջին օղակներում»,-ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ եթե մնար 17 նախարարություն, ասելու էին՝ իրենց տեղերը պահում են, հիմա նախարարությունները կրճատում են՝ ասում են մարդիկ անգործ են մնում։ Պապոյանն անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունների դիտարկումներին և սկսեց ԲՀԿ-ից․ «ԲՀԿ-ն ինտուիցիայի մասին է խոսում: Երբ իրենց համար հատուկ փոխնախարարների կամ փոխմարզպետների տեղեր էին ավելացվում, նույն ինտուիցիան էր գործո՞ւմ,-ասաց նա և շարունակեց արդեն ԼՀԿ-ի մասով։ «Երբ Մարուքյանը բերել է այստեղ ցուցակ և նախարարություններ է նշում, պետք է լավ պահի այդ ցուցակը, որպեսզի հետագայում, երբ որ այլ իշխանություն գա, իրենք այդ ցուցակը ներկայացնեն՝ որպես երրորդ ճանապարհ»,-եզրափակեց նա։