«Փաստը» գրում է, որ իր տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Վահագն Հովակիմյանին կուլիսներում համարում են խմբակցության «գորշ կարդինալ»: Նրա վրա է դրված կուսակցության քաղաքական գծի պատասխանատվությունը: Հենց դրանով է պայմանավորված, որ Հովակիմյանը հիմնականում ելույթ է ունենում լուրջ ու քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերի վերաբերյալ: Նա հատկապես առանցքային դերակատարություն ունի հանձնաժողովների նիստերի քննարկումների ժամանակ. հաճախ Հովակիմյանի խոսքը հանձնաժողովների ՔՊ-ական նախագահների խոսքից ազդու է լինում: Հիմնական քաղաքական շեշտադրումների ու ելույթների բովանդակային պատասխանատուն նույնպես Հովակիմյանն է: Շատերն այն կարծիքին են, որ դրա պատճառը ոչ միայն այն է, որ Հովակիմյանը Նիկոլ Փաշինյանի հետ անցած երկար ճանապարհ ունի և նրա ամենավստահելի մարդկանցից մեկն է, այլև այն, որ նա այս խմբակցության քիչ պատգամավորներից է, որը բավականին ադեկվատ է, հավասարակշռված և տիրապետում է իրավիճակին։