Առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման հարցը կարևոր նշանակություն ունի հակակոռուպցիոն իրական պայքար տանելու առումով, և դրան ուղղված իրավական մեխանիզմները՝ և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ բանկային գաղտնիքի ապահովման, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պետք է համապատասխանեն միջազգային լավագույն չափանիշներին՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյաննը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ խորհրդակցության ժամանակ:
Բացելով քննարկումը՝ Փաշինյանն ասել է․ «Գիտեք, որ աշխատանքային խումբ էր գործում, և այդ խմբի գործունեության արդյունքում արդեն իսկ ունենք ՀՀ օրենքի նախագիծ, որը կոչվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին»: «Սա շատ կարևոր թեմա է, և վերջին ամիսների ընթացքում տարբեր հարթակներում քննարկումների առիթ է տվել: Որոշ դեպքերում նույնիսկ կան մեկնաբանություններ, որ փորձ է արվում ներկայացնել, թե արտակարգ դատարանին բնորոշ գործառույթներ են փորձ արվում ներդնել, և երբեմն այնպիսի տպավորություն է, թե այս թեման սկսել է քննարկվել Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, և այս հարցերի շուրջ պարզաբանումներն ամբողջական չեն եղել, - նշել է վարչապետը:- Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման անհրաժեշտության մասին նախևառաջ նշվում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի 2004-ի կոնվենցիայում. որի համաձայն՝ երկրները պետք է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնեն առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում թույլատրելու համար այն դեպքերում, երբ հանցագործը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել մահվան, թաքնվելու, նրա բացակայության կամ այլ համանման դեպքերում: ՀՀ-ն այս կոնվենցիան վավերացրել է առանց որևէ վերապահման՝ 2007-ին: Այս նպատակով դեռևս 2011-ից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել, որը քննարկել է այդ համակարգի ներդրման հնարավորությունները: Հանձնաժողովի 2011-ի 25-րդ, 2012-ի 26-րդ և 2013-ի 28-րդ նիստերում քննարկվել և 2017-ի 33-րդ նիստում հաստատվել է միջոցառումների ծրագիր»: «2008-ից այս գործընթացն սկսվել է, - ընդգծել է Փաշինյանը:- Արդեն 2018-ի 34-րդ նիստում հանձնաժողովը հավանություն է տվել այս, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության ներդրման հայեցակարգերին, ինչի հիման վրա 2019-ի մարտի 1-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Արդարադատության նախարարության գլխավորությամբ, <...> շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հայեցակարգերի առնչությամբ Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին համապատասխան կարգավորումներ նախագծելու և օրենսդրական փաթեթ ներկայացնելու համար»:
Վարչապետը ներկայացրել է ինստիտուտի էությանը՝ շեշտելով, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը որևէ աղերս չունի անձի նկատմամբ պատժիչ միջոցառումների իրականացման հետ, ընդհակառակը՝ կանխարգելիչ միջոցառում է, իրականացվում է գույքի դեմ, չի հանդիսանում քրեաիրավական պատժատեսակ, չունի քրեաիրավական հետևանքներ: Բացի այդ, ըստ Փաշինյանի, «այս ինստիտուտը բազմաթիվ երկրների կողմից կիրառվող գործուն մեխանիզմ է հանցագործության հետ կապված գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու, նաև փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար»:
«Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման: Բռնագանձումը կատարվում է ոչ թե քրեական դատավարությանը, այլ քաղաքացիական դատավարությանը բնորոշ կանոններով»՝ նշել է վարչապետը:
Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումն առաջին հերթին ուղղված է նաև նրան, որ ստեղծվեն պատշաճ իրավական մեխանիզմներ միջազգային համագործակցության շրջանակներում՝ կապված Հայաստանի դատարանների և օտարերկրյա դատարանների կողմից այս ինստիտուտի համատեքստում վճիռների ճանաչման և դրանց հիման վրա առանց քրեադատավարական ընթացակարգերի, քաղաքացիական դատավարության շրջանակներում գույքի բռնագանձման համար՝ ասել է Փաշինյանը: Նա թվարկել է միջազգային փաստաթղթերը, որոնցով այս ինստիտուտը կարգավորվում է, մասնավորապես՝ Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան և «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որոնք վավերացվել են Հայաստանի կողմից:
«Սա բնականոն գործընթաց է, ըստ էության, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Եվ, իհարկե, այստեղ կա նաև որոշակի առնչություն քաղաքական գործընթացների հետ, որովհետև մեծ հաշվով դժվար էր հավատալ, որ առանց երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների իրական քայլեր կարվեին՝ այս ինստիտուտն իրականում ներդնելու համար: Բայց հիմա մենք խնդիր ունենք ոչ միայն այս ինստիտուտն ուղղակի ներդնել, այլ խնդիր ունենք լուծել հետևյալ հարցերը՝
1. Որպեսզի մենք համոզված լինենք, որ սա գողացված ակտիվների վերադարձի գործուն մեխանիզմ է:
2. Որ սա քաղաքական վենդետայի գործիք լինել չի կարող:
3. Որ այս ողջ գործընթացի ընթացքում մենք ի վիճակի կլինենք ապահովել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը, և Հայաստանի Հանրապետությունն այս իմաստով որևէ նեգատիվ ազդեցություն չի ունենա՝ նկատի ունեմ երկրի իմիջի առումով, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից: Բայց նաև մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը դեկլարատիվ մակարդակից տեղափոխվի ինստիտուցիոնալ մակարդակ», - հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Նա նաև նշել է, որ այսօր նաև զուտ ներդրումային միջավայրի առումով առնչվում են շատ կոնկրետ խնդիրների. «Ես, օրինակ, կոնկրետ ներդրողներից ունեմ շատ էմոցիոնալ արձագանքներ, երբ նրանք որևէ տեղում հող ձեռք բերելու համար բախվում են անտրամաբանական գների, այսինքն՝ այդ սեփականատերերը մի քանի միլիոն դոլարով փորձում են վաճառել ինչ-որ գույք, հող: Կան ներդրողներ, ովքեր չեն ալարել և փաստաբաններ են վարձել և հետաքննել են, ըստ էության, պարզելու համար, թե, օրինակ, այդ գույքն ում է պատկանում և ինչ գնով է ձեռք բերվել: Պարզվում է, որ դրանք պատկանում են, օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաների՝ ներկա կամ նախկին, էական չէ տվյալ դեպքում, և այդ գույքը ձեռք է բերվել, ասենք, ծիծաղելի գներով և հիմա 1000, 2000, 3000, 10000 տոկոսով ավելի գներով փորձ է արվում վաճառել: Մենք պետք է այս խնդիրներին ոչ էմոցիոնալ հանգիստ, հանդարտ որոշակի վերաբերմունք ձևավորենք՝ հասկանալու համար, թե ինչպես ենք այս խնդիրները լուծելու»: Փաշինյանն ընդգծել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնատար անձանց, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին: Նա հանձնարարել է ամփոփել ներկայացված օրենքի նախագիծը և ուղարկել միջազգային փորձաքննության: