ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է
Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ:
ԱԺ նախագահը շնորհավորել է նրան Սենատի նախագահ ընտրվելու առթիվ և հաջողություն մաղթել պատասխանատու պետական գործունեության իրականացման գործում: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանան նոր լիցք հաղորդել հայ-ղազախական միջխորհրդարանական համագործակցությանը՝ ի շահ երկու պետությունների և բարեկամ ժողովուրդների: Անդրադառնալով հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների մակարդակին` նա նշել է, որ ապրանքաշրջանառության աճի դրական դինամիկա կա, որի ծավալը 2018-ին ավելացել է 2.5 անգամ՝ 2017-ի համեմատ: Նա միաժամանակ նշել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը շատ ավելի մեծ է և անհրաժեշտ է աշխատել դրա լիարժեք օգտագործման ուղղությամբ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՏՄ կարևոր դերը, որը կարող է դառնալ տնտեսական հարաբերությունների հետագա համակարգման արդյունավետ կառուցակարգ: Նա համոզմունք է հայտնել, որ միջխորհրդարանական կապերի դինամիկ զարգացումը ևս բարենպաստ հիմք կստեղծի Հայաստանի և Ղազախստանի բազմակողմանի համագործակցության համար: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ 7-րդ գումարման ԱԺ- ում ձևավորվել է Ղազախստանի խորհրդարանի հետ բարեկամական խումբը, որտեղ ներկայացված են խորհրդարանական բոլոր խմբակցությունները:
Դարիգա Նազարբաևան նշել է, որ հայ-ղազախական հարաբերություններին բնորոշ է դարավոր բարեկամությունը և արդյունավետ համագործակցությունը:
Սենատի նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Ղազախստանում հայկական համայնքն ակտիվորեն և հաջողությամբ ներգրավված է երկրի տնտեսական, մշակութային ու հանրային կյանքի տարբեր բնագավառներում:
Արձանագրելով Հայաստանի գրանցած հաջողությունները բարձր տեխնոլոգիաների զարգացման և կիրառության ոլորտում՝ Դարիգա Նազարբաևան առաջարկել է ակտիվացնել համագործակցությունն այս ոլորտում և կոնկրետ գործողություններ ձեռնարկել ղազախ գործընկերների հետ հայկական փորձի փոխանակման համար:
Դարիգա Նազարբաևան նշել է, որ իր երկրում իշխանության անցումային պատմական ժամանակաշրջան է և հույս է հայտնել, որ այս տարվա հունիսին նախատեսված ընտրությունները կլինեն ժողովրդավարական, ազատ, անկախ և թափանցիկ: