«Ժողովուրդը» գրում է․ «Սերժ Սարգսյանը, որ 10 տարի նախագահելուց հետո փորձում էր իշխանավարումը շարունակել արդեն վարչապետի պաշտոնում (իր օրոք ընդունված Սահմանադրության համաձայն` երկրի ղեկավարը վարչապետն է), ուղիղ մեկ տարի առաջ` այս օրը, հրաժարական ներկայացրեց: Հրաժարական ներկայացրեց համաժողովրդական ճնշման տակ, ու թեև դրանից դեռ մեկ օր առաջ հայտարարեց, որ 7 տոկոս ստացած ուժը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի` ակնարկելով նոր մարտի 1-ով, արդեն ապրիլի 23-ին խոստովանեց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»:
Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը Հայաստանում իսկական տոնախմբություն էր. ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի մյուս քաղաքների փողոցներում մարդիկ պարզապես ցնծում էին իրենց հաղթանակով: Իր հրաժարականից հետո Սերժ Սարգսյանն ամեն կերպ խուսափել է լրագրողների հարցերին պատասխանելուց: Երեկ նա ՀՀԿ-ում ներկա է գտնվել կուսակցությանը նոր անդամագրվածների հետ հանդիպմանը: Թեև քաղաքական իրավիճակի վերաբերյալ գնահատականներ չի տվել, բայց որոշ ակնարկներ արել է: Հարցին, թե մեկ տարում ինչ է փոխվել երկրում, Սերժ Սարգսյանն ասել է, թե երբ ժամանակը գա, բոլոր հարցերին կպատասխանի: «Կարող է հարցերի քչություն լինել, պատասխանների քչություն չի լինի», - ասել է նա: Այնուամենայնիվ, եթե փորձենք հակիրճ ամփոփել ՀՀ-ում իշխանափոխության մեկ տարին, պետք է արձանագրենք՝ ամենակարևոր ձեռքբերումը ՀՀ-ում առանց ընտրակեղծիքների, առանց ընտրակաշառքի ազատ ու արդար ընտրությունների անցկացումն է, ընտրություններ, որոնց արդյունքները ճանաչեցին նաև պարտված ուժերը:
Տնտեսական հեղափոխության մասին ազդարարվել է: Տնտեսական ցուցանիշները կարծես դրականի մասին են խոսում: Իշխանությունները որդեգրել են պետական պարտքը հետևողականորեն նվազեցնելու քաղաքականություն. այժմ այն 6 մլրդ 934 մլն դոլար է, մինչդեռ Ս.Սարգսյանի օրոք մոտեցել էր 7 մլրդի սահմանագծին, ավելին՝ նախատեսված էր, որ 2018թ. տարեվերջին կանցնի 7 մլրդը, պարզապես իշխանափոխությունից հետո տեմպերն այլ եղան:
Թավշյա հեղափոխությունից հետո արտագաղթի տեմպերը ևս նվազել են, ավելին՝ 2018-ին ներգաղթ է արձանագրվել. 21 հազարով ավելի շատ մարդ է ժամանել ՀՀ, մինչդեռ 2017-ին ՀՀ-ից հեռացել էր 26.9 հազար քաղաքացի, 2016-ին՝ 43 հազար քաղաքացի: Այս ընթացքում 18.8 մլրդ դրամով ավելացել են օտարերկրյա ուղղակի ներդրումները. 2017թ. 74.6 մլրդ դրամի ներդրում է եղել, 2018թ.՝ ավելի քան 93 մլրդ դրամի»: