Լույս է տեսել «Ձայն բազմացի» ապրիլ ամսվա բացառիկ համարը՝ 8 էջնոց ներդիրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին։ Այս համարի մեջ կարելի է կարդալ նաեւ, Լիբանանի հայ համայնքի երեսփոխանուհի Փոլա Եագուպյանի՝ թերթին տրամադրած ծավալուն հարցազրույցը, որտեղ սպառիչ պատասխաններով անդրադառնում է հասարակական հնչեղություն ունեցող տարբեր խնդիրների եւ ներկայացնում է ազգային ու հանրային կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ իր մտորումներն ու մոտեցումները:
Ստորեւ ներկայացնում ենք «Ձայն բազմացի» ապրիլյան համարի խմբագրականը:
Թվում է, թե հայ ժողովրդի Ցեղասպանության մասին գրեթե ամեն բան գրված ու ասված է, գոնե մայրենի լեզվով:
104 տարի խոսեցինք, վիճեցինք, գրեցինք ու գոռացինք, անհամար հոդվածներ, գրքեր, աշխատություններ եւ հատորներ հրատարակեցինք:
Հոգնություն չճանացող հարատեւությամբ՝ ցույցեր, երթեր, քայլարշավներ, հսկումներ ու հավաքներ կազմակերպեցինք, անթիվ գիտաժողովներ եւ ակադեմիական քննարկումներ նախաձեռնեցինք:
Օտարների նախանձը շարժող փութաջանությամբ անխոնջ ու հետեւողական աշխատանք տարանք, որ պետություններ, կազմակերպություններ, հիմնարկներ եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ընդունեն, ճանաչեն եւ դատապարտեն քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը:
Մի քանի տարի առաջ՝ հարյուրամյակին, պետական եւ միջազգային արժանավայել մակարդակով տարելից հիշատակեցինք, եւ մեր խոցված սրտերը սփոփված, արժանապատվությունը վերականգնված եւ ազգային ինքնասիրությունը շոյված զգացինք, բարբառելով մի քանի տասնյակ այն երկիրների անունները, որոնք երբեմն կցկտուր ու երկչոտ նախադասություններով, երբեմն էլ հստակ ու հասցեական ձեւակերպումներով, բայց հաստատորեն սեփական քաղաքական հաշվարկների եւ նպատակահարմարությունների թելադրանքով, պետականորեն ճանաչեցին ու ընդունեցին թուրքական պետության հղացմամբ, կազմակերպմամբ եւ իրագործմամբ մի ազգի ոչնչացման նպատակով գործի դրված զանգվածային սպանդը ու տեղահանության փաստը:
Մինչ մենք այս բոլոր անհրաժեշտ եւ անհետաձգելի գործերով էինք զբաղված, Թուրքիան՝ մեզ ցեղասպանած եւ մեր հողերը բռնագրաված Թուրքիան, դարձավ շուրջ ութսուն միլիոն բնակչությամբ երկիր, ուր յուրաքանչյուր տարի նախակրթարան դպրոցի առաջին դասարան են հաճախում մոտ երեք միլիոն նորահասակ աշակերտներ, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության թվաքանակին հավասար աշակերտություն: Իսկ տնտեսական չափանիշներով այն հսկայաքայլ առաջդիմեց ու դարձավ համախառն ներքին արդյունքի ցուցանիշով աշխարհի ամենազարգացած քսան երկների խմբակի անդամ եւ մինչ այժմ արագ թափով առաջ է ընթանում՝ հավակնելով մաս կազմել տասը ամենահզոր պետությունների ակումբին: Ռազմական հզորության առումով էլ նորագույն տվյալներով այն աշխարհի բոլոր պետություններն ընդգրկող վարկանիշային աղյուսակի մեջ գրավեց իններորդ դիրքը, եւ զարկ տալով ռազմական արդյունաբերության, ձգտում է դառնալ նրա արտածման միջազգային կարեւոր դերակատարներից մեկը, հավակնելով նաեւ տեղական արտադրության միջոցով հասնել սպառազինության եւ ռազմամթերքի ինքնաբավության ապահովման հնարավոր ամենաբարձր աստիճանին:
Ինչո՞ւ ենք առանձնացնում եւ մատնանշում վերոնշյալ երեք՝ ժողովրդագրական, տնտեսական եւ ռազմական ուժի գործոնները եւ շեշտադրում ենք դրանց էական եւ վճռական նշանակությունը թուրքական պետության ներկայիս վայելած միջազգային եւ տարածաշրջանային համեմատական հաշվառելի քաղաքական վարկի եւ կշռի դիտանկյունից, եւ ի՞նչ կապ ունեն այս բոլորը հայկական հարցի հետ, որի բաղադրիչներից մեկն է միայն Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությունը:
Պատասխանենք, անկախ Հայոց ցեղասպանության փաստի վավերականությունից եւ անժխտելիությունից, անկախ հայկական հարցի արդարացիությունից եւ իրավացիությունից, անկախ մեր իրավունքների անժամանցելիությունից եւ անկախ մեր պատմական հողերի վրա մեր ունեցած իրավունքի միջազգային պայմանագրերով ամրագրված իրողութիւններից, եթե ուզենք քաղաքական իրապաշտությամբ եւ հաշվենկատությամբ առաջնորդվել, պետք է ի վերջո համոզվենք, որ մեր իրավունքներին պիտի կարենանք տիրանալ, ազգային մեր շահերի համար աշխարհաքաղաքական նպաստավոր դասավորումների արդյունքով, միջազգային ուժային կետրոնների ռազմավարական շահերի եւ նպատակների մեջ նոր բարենպաստ ուղղություններ ի հայտ գալով, տարածաշրջանային վերադասավորումների հետեւանքով, որոնց առաջացումը մեծ չափով ո՛չ մեր կամքից, ո՛չ էլ մեր ցանկություններից է կախված, բայց ինչ-որ մեր կամքից եւ որոշումներից է կախված, ազգային տեսլականի բանաձեւումն է, ռազմավարական նպատակների եւ ուղղության հստակեցումն է, տարածաշրջանային առումով հայկական գործոնի հզորացումն է, իրադարձությունների եւ իրավիճակների վրա ազդեցության եւ միջամտության տարբեր լծակների ստեղծումն ու արդյունավետ կառավարումն է, եւ մարտահրավերները դիմագրավելու, առիթները ու հնարավորությունները նկատելու եւ օգտագործելու մեր քաղաքական մտքի արթնությունը, զգոնությունը ու կամքի տոկունությունն է:
Բնականաբար առաջանում է տրամաբանական ու հիմնական հարցադրումը, թուրքական ուժի գործոններին դիմակայելու համար հայ ազգը ուժի ի՞նչ գործոններ կարող առաջադրել եւ ի՞նչ լծակներով կարող է հակակշռել ու հակադարձել:
Խորհրդածություն, որ ոչ միայն Ցեղասպանության տարելիցներին, այլեւ ամենօրյա դրությամբ պետք է զբաղեցնի հայ ազգի քաղաքական միտքը եւ նրա քաղաքագիտական հանրույթը: