Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԵԽԽՎ ամբիոնից արված հայտարարությանը, թե հեղափոխությունից հետո Հայաստանում 50 000 աշխատատեղ է ստեղծվել, որ կասկածի տակ էր դրվել։ Փաշինյանը չհերքեց, որ խոսքն ավելի շատ ստվերից դուրս եկած աշխատատեղերի մասին է. «Այո, ամենաառաջին վարկածը այն է, որ դրանք ստվերային աշխատատեղեր են եղել և հեղափոխությունից հետո ուղղակի այդ աշխատատեղերը ստվերից դուրս են եկել, բայց, իհարկե, նաև էստեղ կան նոր ստեղծված աշխատատեղեր, այդ թվի տարբերակումը ավելի խոր վերլուծության գործ է, բայց էական չէ, այս նրբությունները նույնիսկ այս պահին էական չեն, էականն այն է, որ 2019-ի հունվարին 2018-ի հունվարի հանդեպ 50141 աշխատատեղով ավել է գրանցվել Հայաստանի Հանրապետությունում», - նշեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև ներկայացրեց, թե, իր խոսքով, որ ոլորտում որքան աշխատատեղ է բացահայտվել կամ արձանագրվել: Ըստ վարչապետի, մեծածախ և մանրածախ առևտրի, մեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում 2019-ի հունվարին 2018-ի համեմատությամբ 16 000 ավելի աշխատատեղ է գրանցվել, մշակող արդյունաբերության ոլորտում՝ 9 500, հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 8000, սպասարկման և այլ ծառայությունների ոլորտում՝ 2500-ից ավելի, տեղեկատվության ոլորտում՝ 2018-ի համեմատ 2200-ով ավելի աշխատատեղ է գրանցվել, գյուղատնտեսության և ձկնորսության ոլորտում՝ ավելի քան 1000-ով ավելացել են աշխատատեղերը, նույն չափով՝ առողջապահության ոլորտում:
Փաշինյանն ընդգծեց՝ այս թվերը չեն կարող իրական չլինել. «Ես հասկանում եմ նաև, որ էսպիսի քննարկումների տեղիք տվեց, որովհետև սա, ըստ էության, կարող է նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից թվա, բայց այս ֆանտաստիկան այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականություն է, և դա շատ լավ է։ Հայաստանի Հանրապետությունում, սիրելի հայրենակիցներ, հեղափոխությունից հետո աշխատատեղերի թիվը ավելացել է 50141-ով, ինչի կապակցությամբ մեզ բոլորիս շնորհավորում եմ»։