Շատ կարևոր որոշում է Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր ընդունելը՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեփենեկյանը: «Ֆրանսիան միշտ զգայուն է հայկական խնդիրների նկատմամբ: Ես կարծում եմ, որ 2001-ին Ֆրանսիայի կողմից Ցեղասպանությունն ընդունելու հանգամանքին եկավ համալրելու օրացույցում հիշատակման օր ներառելը»,- ասաց նա: Ըստ Ժորժ Կեփենեկյանի՝ պակաս կարևոր չհամարելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ պետք է նկատել, որ հասունացել է այն նաև ժամանակը, որ Սփյուռքի հայերը արծարծեն նաև այլ թեմաներ: «Ամենայն հարգանքով վերաբերելով այդ հարցին՝ պետք է ասեմ, որ արդեն ժամանակն է, որ հայերը առաջ քաշեն նաև այլ հարցեր»,- ասաց նա: