«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ֆրանսիան պետական մակարդակով ոգեկոչել է Հայոց ցեղասպանությունը

Ֆրանսիան պետական մակարդակով ոգեկոչել է Հայոց ցեղասպանությունը
27.04.2019 | 12:00

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության տարելիցն առաջին անգամ ոգեկոչվել է իբրև հիշատակի պետական օր՝ համապատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայի պաշտոնական օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ներառելու հրամանագրի: Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Ֆրանսիայում անցկացվել են առավել լայնամասշտաբ: Նախագահ Մակրոնը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում՝ նշելով. «Այսօր, ապրիլի 24-ին, մենք պաշտոնապես հիշատակում ենք հայոց ցեղասպանությունը, հիշելու, որ մարդն ընդունակ է վատագույնին, եթե մոռանում է թե ինչն է կապում իրեն իր մերձավորի հետ և որպեսզի հետևողական լինենք, որ պատմությունը չկրկնի իր սխալները»:


Փարիզում հիշատակի միջոցառումները մեկնարկել են ապրիլի 23-ին՝ Հաղթական կամարի ներքո Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին հարգանքի տուրքի մատուցման զինվորական արարողությամբ: Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության կազմակերպմամբ տեղի է ունեցել բազմամարդ քայլերթ՝ հատուկ այդ կապակցությամբ մասնակիորեն փակված Ելիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Երեք տասնյակ ծաղկեպսակներ են տեղադրվել Ֆրանսիայի տարբեր քաղաքների, մարզերի, խորհրդարանական բարեկամության խմբերի, հրեական, հունական, ասորա-քալդեական համայնքների ղեկավարների կողմից։ Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի է ունեցել Հաղթական կամարի հավերժական կրակի բորբոքման հանդիսավոր արարողությունը:


Ապրիլի 24-ի առավոտյան Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Իդալգոյի անունից տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին: Ելույթներով հանդես են եկել Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հիշատակի միջոցառմանը մասնակցել են Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, քաղաքական և մշակութային գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:
Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակի հարևանությամբ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Կոմիտասի արձանի մոտ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպմամբ կայացել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որին ներկա է գտնվել և ընդարձակ ելույթով հանդես եկել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը: Հավաքին ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները, Գյուղատնտեսության նախարար Դիդիե Գիյոմը, կրթության և երիտասարդության հարցերով պետքարտուղար Գաբրիել Ատալը, օտարերկրյա դեսպաններ, Ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ:


Վարչապետ Էդուար Ֆիլիպը ելույթում նշել է. «Հարգանքի տուրք մատուցելով հայոց ցեղասպանության զոհերին Ֆրանսիան հավատարիմ է ինքն իրեն, հավատարիմ իր արժեքներին, և իր համար պատիվ է դա ընդունելը: Ֆրանսիայի վրա չի կարող ազդել որևէ ճնշում կամ սուտ: Այն ինչ մենք փնտրում ենք՝ պատմական ճշգրտությունը և հաշտեցումն է»: Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցները Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության կոչերով քայլերթ են անցկացրել Ելիսեյան դաշտեր պողոտայով:
Ապրիլի 22-ին Փարիզի Լիբանանի Աստվածամոր տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Այդ ամենամյա պատարագը նախատեսված էր անցկացնել Փարիզի Աստվածամոր տաճարում, սակայն տեղափոխվեց ապրիլի 15-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով:


Ապրիլի 24-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Ֆրանսահայ կառույցների կոչով՝ ոգեկոչման բազմամարդ միջոցառումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում` Ֆրանսիայի պետական և տեղական մարմինների և ՀՀ դեսպանության մասնակցությամբ: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունները Ֆրանսիայում կշարունակվեն առաջիկա շաբաթներին:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ