ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվան դիտարկում է ոչ միայն Դոնբասի, այլև Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին արագացված կարգով ՌԴ քաղաքացիություն տալու հնարավորությունը: Պուտինը փաստել է, որ միայն Դոնբասի բնակիչներին այս արտոնությունն ընձեռելու համար անհրաժեշտ է առաջիկա տարիներին բյուջեից մոտ 100 միլիարդ ռուբլի տրամադրել: «Դա ինքնաբուխ որոշում չէր, մենք ամեն ինչ հաշվարկել ենք»,- ասել է ՌԴ նախագահը:
Ապրիլի 24-ին, Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով պարզեցվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Լուգանսկի ու Դոնբասի բնակիչներին Ռուսաստանի անձնագիր տրամադրելու կարգը: Ուկրաինան քննադատել էր Մոսկվայի քայլը, որակել «Դոնբասի օկուպացման անձնագրային փուլ» և կոչ արել Արևմուտքին է՛լ ավելի խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: