Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի ամենավերջին տարբերակում Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի համար որոշակի չափորոշիչներ սահմանված չէին: Մենք կարծում ենք, որ, այնուամենայնիվ, պետք է լինեն այդ չափորոշիչները՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանը, որ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտի ներդրման առաջարկների փաթեթով պետք է հանդես գա: Նա նշեց, որ, ըստ իրենց առաջարկների փաթեթի, պետք է չափորոշիչներ սահմանվեն հանձնակատարի տարիքի, կրթության, լեզուների իմացության վերաբերյալ: Առաջարկների փաթեթը կներկայացնեն մինչև մայիսի 2-ը: «Արդարադատության նախարարը, երբ զեկույցով հանդես եկավ, հիմնավորումների մեջ անդրադարձավ նաև աշխատակազմի թվաքանակին, մենք գտնում ենք, որ օրենքում պետք է զերծ մնալ թվաքանակ սահմանելուց: Դա պետք է որոշի այն կառույցը, որը մշակելու է քաղաքականություն և, ըստ այդմ, որոշի՝ քանի աշխատակցի հաստիքի մասին է խոսքը, ինչ կառուցվածքային ստորաբաժանումներ պետք է լինեն: Այսօր մենք ոչ թե պետք է կողմ քվեարկենք և սահմանենք աշխատակիցների թվաքանակը, այլ քաղաքականություն մշակողներին պետք է վերապահենք այդ իրավունքը: Եթե մենք այս փոփոխությունները չանենք օրենքում, հետագայում դժվարություններ կլինեն»,-նշեց պատգամավորը:
Մխիթար Հայրապետյանը կարծում է, որ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը պետք է ապահովի Սփյուռքի հետ քաղաքականության փաթեթը ոչ միայն վարչապետի համար, ինչպես օրենքում է նշված, այլև Կառավարության:
«Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի գրասենյակը պետք է լինի այն կենտրոնը, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաներին կներկայացվի Սփյուռքի հետ տարվող քաղաքականության ամբողջական փաթեթը, որտեղ ներառված կլինեն Սփյուռքի համայնքներն իրենց առանձնահատկություններով, խնդիրներով, կնշվեն առաջնահերթությունները տվյալ ժամանակաշրջանում տվյալ համայնքի հետ հարաբերություններում, այսինքն՝ կլինի այն ուղեղային կենտրոնը, որը կմատակարարի տեղեկատվություն բոլոր գերատեսչությունների համար»,-նշեց պատգամավորը: Հարցին՝ իրատեսական է համարում մեծ հայրենադարձություն սկսելու հնարավորությունը, Մխիթար Հայրապետյանը պատասխանեց, որ այս փուլում մեծ հայրենադարձություն սկսելու խնդիր պետությունն իր առջև չի կարող դնել։ «Այսօր մենք կարող ենք խոսել մասնագիտական հայրենադարձության մասին, որի կարևորագույն ազդակներից մեկը «ՆերՈՒԺ» ծրագիրն է, որն ընթացքի մեջ է: Այսօրինակ ծրագրերով, այո, ես հավատում եմ, որ կարելի է այս փուլում իրականացնել մասնագիտական հայրենադարձություն, իսկ հետագայի հետ կապված չեմ բացառում, որ Կառավարությունն իր օրակարգում կարող է ունենալ նաև մեծ հայրենադարձություն կազմակերպելու հարցը»: Նա խուսափեց խոսել ժամկետների մասին՝ նշելով, որ պայմանավորված է տարատեսակ բաղադրիչներով: