Իսպանիայի Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը (PSOE) հաղթանակ է տոնել Պիրենեյան թագավորությունում ավարտված արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Սոցիալիստները, որոնց ներկայացուցիչն է վարչապետ Պեդրո Սանչեսը, 123 մանդատ կստանան 350 տեղանոց Պատգամավորների կոնգրեսում, որը խորհրդարանի ստորին պալատն է: Ընտրությունների արդյունքները մեծ հաջողություն են նրանց համար: Խորհրդարանի նախորդ կազմում նրանք ունեին 85 մանդատ:
Երկրորդ տեղում է Ժողովրդական կուսակցությունը, որ կունենա 66 մանդատ: Կենտրոնական «Քաղաքացիներ» կուսակցությունը երրորդն է և կունենա 57 մանդատ: Ձախ քաղաքական ուժերի կոալիցիային կտրվի 42 տեղ, աջ ծայրահեղական կուսակցությանը՝ 24 տեղ: Արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 76 տոկոսը: «Մեր առաջադեմ դիրքերով մենք պատրաստ ենք ձեռք մեկնել բոլոր քաղաքական ուժերին, որ հարգում են Սահմանադրությունը: Դա մեր միակ պայմանն է: Պետք է հարգել Սահմանադրությունը, ձգտել սոցիալական արդարության և հասարակության բնականոն գոյակցության ու քաղաքական մաքրության»,- ասել է Սանչեսը: