ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Պեկինում ավարտվեց «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումը։ Ահագին փող բաժանվեց։ ՌԴ-ն օգտվում է առիթից և փորձում է Տրանսսիբն ու ԲԱՄ-ը դարձնել արագընթաց երկաթգիծ Չինաստանի ու ԵՄ միջև (կներդրվի մինչև 2 տասնյակ մլրդ դոլար), Ղազախստանն ուզում է նույնը, բայց իր տարածքով անցնող գծերով, Վրաստանը կառուցում է Անակլիա նավահանգիստը, Ուկրաինան 345 մլն դոլար է վերցնում Կրեմենչուգի կամուրջի համար, Ադրբեջանը 800 մլն դոլարի հուշագրեր է ստորագրել ինչպես բուն ֆորումի, այնպես էլ երկկողմ ադրբեջանա-չինական տնտեսական ու ռազմական համագործակցության ոլորտում։ Ի դեպ, սրա հետ կապված, չինական կողմը որպես քաղաքավարության նշան, բալանս պահելու համար, Հայաստանի վարչապետին կհրավիրի Չինաստան։ Նա պետք է կարողանա մեր երկիրը որևէ տարբերակով խցկել Մետաքսի ճանապարհի ծրագրերի մեջ»։