Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018-ի ու նախորդող մի քանի տարիների գործունեությունը ենթարկվել է միջազգային վերանայման՝ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին առաջադրվող անկախության պահանջներին համապատասխանության տեսանկյունից: Առաջարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել ամենաբարձր «A» միջազգային հեղինակավոր կարգավիճակը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային միավորման անկախ հանձնախմբի կողմից այս բարձր կարգավիճակի հաստատումը վկայում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի լիարժեք անկախության, վստահելիության ու արդյունավետ աշխատանքի մասին։ «A» կարգավիճակը Մարդու իրավունքների ազգային հաստատությանն իրավունք է վերապահում մասնակցել միջազգային կառույցների, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին և որոշումների կայացմանը, հանդես գալ հատուկ ելույթներով, օգտվել միջազգային կառույցների ղեկավար մարմիններում ընտրվելու և այդ մարմինների ընտրություններին քվեարկության իրավունքից։ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության կարգավիճակը ողջ աշխարհում այս մեխանիզմով գնահատվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն այս կարգավիճակով օժտված է 2006-ից: