Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը CBS հեռուստաընկերությանն ասել է, որ ԱՄՆ-ը ընտրել է առճակատման ուղին: «Մենք հակամարտություն չենք ուզում, մենք դիմադրում ենք: Մենք չենք ենթադրում, թե Դոնալդ Թրամփը հակամարտության է ձգտում, սակայն գիտենք, որ նախագահին շրջապատող մարդիկ նրան դրդում են դա անել», - ասել է Զարիֆը: Նրա փոխանցմամբ, Վաշինգտոնը հետզհետե ավելի խիստ պատժամիջոցներ է սահմանում Թեհրանի նկատմամբ և ստիպում է պատասխան քայլերի դիմել: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամադ Բաղերին ասել է, որ «թշնամական գործողությունների շարունակման դեպքում Թեհրանը կարղ է փակել Հորմուզի նեղուցը»: Դա շատ լուրջ մարտահրավեր կլինի՝ նեղուցով է փոխադրվում Մերձավոր Արևելքում արդյունանավող հում նավթի զգալի մասը: «Մենք չենք ցանկանում, բայց եթե թշնամական գործողությունները շարունակվեն, մենք կարող ենք դա անել: Եթե մեր նավթը չի գնալու այդ նեղուցով, թող այլոց նավթն էլ չգնա», - ասել է գեներալը:
«Թեհրանի վաճառած նավթի ծավալը պետք է հասցնել զրոյի», - հայտարարել է Վաշինգտոնը և պատժամիջոցներ տարածել իրանական նավթի գնորդների վրա:
Բայց այն ժամանակ ամերիկացիները կես տարով բացառություն են արել 8 երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Իտալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Թայվանի համար: Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը, Չինաստանը և Թուրքիան այլևս այդ պատեհությունից չեն օգտվի: Վաշինգտոնը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով Իրանի տնտեսությունն առնվազն 10 միլիարդ դոլարի վնաս է կրել: Թեհրանում համոզված են, որ ամերիկացիները կշարունակեն այդ քաղաքականությունը: Եթե Իրանը փակի Հորմուզի նեղուցը, դա անմիջապես մեծ խուճապ կստեղծի նավթի միջազգային շուկայում: Նախ անխուսափելիորեն կբարձրանա հումքի գինը, ինչը կարճատև հեռանկարում շահավետ կլինի Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի, աշխարհի այլ մայրցամաքներում նավթ արդյունահանող երկրների համար: Բայց նեղուցի փակումը կդառնա աշխարհքաղաքական այնպիսի մի դրամատիկ զարգացում, որը տեսականորեն կարող է հանգեցնել նույնիսկ ռազմական առճակատման: «Մենք համոզված ենք, որ մեր նավթը պետք է փոխադրվի նեղուցով: Բաց նեղուց և ոչ մի խոչընդոտ՝ դա բխում է մեր ազգային անվտանգության շահերից: Սակայն եթե Ամերիկան փորձի խենթ քայլերի դիմել և մեզ զրկել մեր նավթը վաճառելու հնարավորությունից, պետք է գիտակցի, որ կլինեն հետևանքներ», - ասել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը: