ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում այս պահին նյութեր են նախապատրաստվում, որոնք ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվելու են Հատուկ քննչական ծառայություն»,-ասաց Արևիկ Խաչատրյանը:
Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանը, որ Վայոց Ձորի փոխմարզպետն է, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը երեկ հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ արել:
Սերգեյ Բագրատյանն ասել է.« Վայոց Ձորի փոխմարզպետի հետ երեկ որևէ կոնտակտի մեջ չեմ մտել, ոչ ճանաչում եմ, ոչ էլ ուզում եմ ճանաչել»: Shamshyan.com-ը հրապարակել էր լուսանկարներ՝ Եղեգնաձորում Սերգեյ Բագրատյանի և Արմեն Սեդրակյանի մասնակցությամբ միջադեպից: