Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով ապրիլի 8-ին կալանավորվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը՝ լրագրողներին տեղեկացրեց Ղազարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը։ Դատարանը մերժել է նաև Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը՝ հիմք ընդունելով, որ Դավիթ Ղազարյանը ազատ լինելու դեպքում կարող է խոչընդոտել նախաքննությունը: Պետեկամուտների կոմիտեն ապրիլի 5-ին հայտարարել էր, որ գյուղմթերքի խոշոր փոխադրող «Սպայկա»-ն չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ պետությանը պատճառելով 7 միլիարդ 36 միլիոն դրամի վնաս։ Դավիթ Ղազարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար։