Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը՝ SIPRI-ն, հրապարակել է նոր զեկույց, որի համաձայն՝ Հայաստանում պաշտպանական ծախսերի ավելացումը 2018-ին 33 տոկոս է կազմել և հասել է 609 միլիոն դոլարի, որ ՀՆԱ-ի 4.8 տասնորդական տոկոսն է: Ռազմական ծախսերի ավելացման առումով Հայաստանը աշխարհի առաջին 10 պետությունների շարքում է: Ուկրաինան և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններ 2018-ին էապես ավելացրել են ռազմական ծախսերը:
Ըստ SIPRI-ի վերլուծաբանների, միայն Ուկրաինայում պաշտպանական ոլորտի ծախսերն ավելացել են 21 տոկոսով և անցյալ տարի կազմել են 4 միլիարդ 800 միլիոն դոլար: Նույն միտումն են գրանցել Բուլղարիան, Ռումինիան, Լատվիան և Լիտվան: «Այդ երկրներում ռազմական ծախսերի ավելացումը հիմնականում բացատրվում է Ռուսաստանը որպես ահագնացող վտանգ դիտելու գործոնով՝ չնայած անցյալ երկու տարիներին Ռուսաստանում ռազմական ծախսերն անկում են գրանցել», - ասել է ինստիտուտի ավագ հետազոտող Պիտեր Վեզեմանը:
Բուլղարիայում, Ռումինիայում և Լատվիայում պաշտպանական ոլորտի ծախսերն ավելացել են 18-24 տոկոսով: Լեհաստանում աճը կազմել է 8.9 տոկոս և հասել է 11 միլիարդ 600 միլիոն դոլարի:
2017-ի համեմատությամբ Ռուսաստանում անցյալ տարի ծախսերը 3.5 տոկոսով նվազել են՝ Ռուսաստանը մնում է զինված ուժերին ֆինանսական միջոցներ տրամադրող վեցերորդ երկիրն աշխարհում: Անցյալ տարի Մոսկվան զինված ուժերին հատկացրել է 61 միլիարդ 400 միլիոն դոլար:
Տնտեսական ծանր պատժամիջոցների ենթարկված Իրանում ռազմական ծախսերի ծավալը նվազել է և 2018-ին կազմել է 13 միլիարդ 200 միլիոն դոլար:
Զինված ուժերին տրամադրած միջոցների առումով առաջին հինգ պետություններն են ԱՄՆ-ը՝ 649 միլիարդ դոլար, Չինաստանը՝ 250 միլիարդ, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը և Ֆրանսիան: Ամբողջ աշխարհում ռազմական ծախսերի 60 տոկոսը առաջին հնգյակն է իրականացրել: