Ռուսական Россия 1 հեռուստաալիքով հեռարձակվող «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապված հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը համեմատականներ է տարել Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքերի և Ուկրաինայի ներկա իրավիճակի միջև: Կալաշնիկովն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ մեկ տարի առաջ հանդիպման ժամանակ, որը նախորդել էր Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն, ինքն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին բացասաբար կազդեն ռուսական ներդրումների հոսքի վրա, և վերջին մեկ տարվա վիճակագրությունը ցույց է տվել, որ չի սխալվել:
«Անցյալ տարվա ապրիլին, երբ խոսում էի Փաշինյանի հետ, ասացի նրան, որ պետք է զգույշ լինել արտահայտությունների հետ, որոնք նա թույլ է տալիս Եվրասիական տնտեսական միության նկատմամբ, ավելի ճիշտ՝ դրա կազմից դուրս գալու մասին: Դա կարող է խոչընդոտել ներդրումներին, որոնց կարիքը Հայաստանն ունի, և եթե նա ցանկանում է դուրս գալ ԵԱՏՄ-ից, որտեղից է նախատեսում ներդրումներ ստանալ: Այս առումով ես ճիշտ էի, քանի որ ներդրողները, որոնց հետ Հայաստանը կապված է, հիմնականում ռուսաստանցի գործարարներ են», - ասել է Կալաշնիկովը՝ նշելով, որ ՀՀ վարչապետը փոխել է դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ: Պետդումայի պատգամավորն ընդգծել է նաև, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու այսօրվա հայտարարությունները հիշեցնում են իրեն Հայաստանում մեկ տարի առաջ տիրող իրավիճակը: