ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն այսօր ասուլիսում պնդեց, որ ինքն անմեղ է, և եթե որևէ մեկը իրեն ցույց կտա, ըստ որոշ լրատվամիջոցների, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից վարչապետի սեղանին դրված տեսանյութը, որտեղ երևում է, որ Սանասարյանին տրցակներով գումար են փոխանցում, ինքն այդ լրատվամիջոցում կկտրի իր ձեռքը։ «Որ լրատվամիջոցը, որ աղբյուրը, որը որ կներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութը, խոսք եմ տալիս, ես մի քանի օր առաջ ասել եմ, հիմա նորից խոսք եմ տալիս էքսկլյուզիվ ձեռքս իրանց լրատվամիջոցում կկտրեմ, եթե կաշառք վերցնելու նման տեսանյութ լինի։ Ես վստահ եմ, որ սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է: Արվում է նրա համար, որ տեսնում են, որ ինձ վստահողների մի մեծ բանակ, ովքեր չեն հավատում, որ կարող է նման բան լինի, որ ես որևիցե ձևով կապ ունենամ կոռուպցիոն դրսևորումների հետ», - նշեց Սանասարյանը։
Նա ու իր փաստաբանները կրկին պնդեցին, որ գործը կարված է, բայց այդպես էլ անուններ չնշեցին, թե ով կամ ովքեր են մեղավոր այս հարցում։ Չասացին նաև, թե ովքեր են Սանասարյանի դեմ ցուցմունք տվել։ Խոսքը հեմոդիալիզի գործի մասին է։ Կա երկու քրեական գործ: Մեկը ԱԱԾ-ում է հարուցված, որտեղ մեղադրյալ են ներգրավված Սանասարյանն ու ՊՎԾ երկու պաշտոնյաներ, «Զորաշեն» ընկերության հաշվապահը։ Հեմոդիալիզի սարքավորումներ ներկրող ընկերություններից «Ֆրեզեն» ընկերության տնօրեն Հրանտ Պիվազյանը փետրվարին ահազանգել էր, որ պետական մակարդակով իրենից բիզնես են խլում։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս գործով իր ձեռքի տակ ունեցած տեղեկությունները փոխանցել էր ԱԱԾ: ՊՎԾ պաշտոնյաները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Մյուս գործը հենց ՊՎԾ ուսումնասիրություններին է առնչվում։ Սանասարյանի ղեկավարած կառույցը Վանաձորի և «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում ուսումնասիրություններ էին արել և խախտումներ վերհանել գնման ոլորտում։ Արդյունքները դեռ մարտին ներկայացրել էին գլխավոր դատախազություն և օրերս դատախազությունը քրեական գործ հարուցեց՝ հեմոդիալիզի պարագաների գնման ոլորտում չարաշահումների դեպքերի առթիվ: «Ես կարող եմ ասել, որ դատախազությունը, չասեմ ամբողջությամբ, բայց մեծամասնությամբ իր մեղադրանքի հիմքում դրել է այն տեղեկանքը, որը մենք տվել ենք։ Մենք ասում էինք, և դատախազությունը փաստեց դա, որ «Գնումների մասին» օրենքի մի շարք դրույթների խախտումով է անցկացվել հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթը: Ասում էինք, որ երկու անգամ թանկ գնով են վաճառում պետությանը, ասենք, մաքսազերծելուց հետո այդ պարագաները 2,2 անգամ թանկ գնով են վաճառում պետությանը, այսինքն գերշահույթ են ստանում, որ եթե լինի մրցակցություն, բնականաբար, այլ մասնակիցներ կմասնակցեն և, բնականաբար, պետությունը ավելի քիչ կվճարի քան վճարել է», - ասաց Սանասարյանը։