Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոն այցելել է Կարակասում գտնվող ռազմաբազա, որտեղ հայտարարել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի ավարտի մասին ու ռազմական ընդվզման կոչ արել: Նրան ուղեկցել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներից Լեոպոլդո Լոպեսը, որը տևական ժամանակ տնային կալանքի տակ էր: Գուաիդոն ռազմաբազա այցից տեսաուղերձ է տարածել, որում նշել է, որ «այսօրվանից սկսվել է իշխանության ուզուրպացիային վերջ տալու գործընթացը»:
«Այսօր խիզախ զինվորները, հայրենասերներն ու տղամարդիկ, որոնք հավատարիմ են Սահմանադրությանը, ականջ են դրել մեր կոչին»,-ասել է Գուաիդոն:
Ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոն Վենեսուելայի բանակին կոչ է արել անցնել Գուաիդոյի կողմը՝ ընդգծելով, որ դրանով նրանք հավատարիմ կմնան իրենց սահմանադրական երդմանը: Կարակասի բնակիչների մի մասը համոզված է, որ սա ԱՄՆ-ի կողմից կազմակերպված դավադրություն է: Երկրի իշխանությունները վենեսուելացիներին կոչ են արել դիմակայել «ռազմական դավաճանների փոքր խմբին»: Նախագահ Մադուրոյի խոսնակը հաստատել է, որ Վենեսուելայում հեղաշրջում է նախապատրաստվում: Գուաիդոն ավելի վաղ հայտարարել էր, որ հանդիպում է երկրի բանակի առանցքային զորամիավորումների հետ՝ դրանով տալով «Ազատություն» գործողության վերջնական փուլի մեկնարկը: