Երեկ ողջ օրվա ընթացքում համացանցը քննարկում էր ԵԱՏՄ միջկառավարական նիստին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկխոսությունը: Շատերը տեղի ունեցածը որակում էին ծաղր Հայաստանի վարչապետի նկատմամբ՝ սուր քննադատության և անարգանքի ենթարկելով Մեդվեդևին: Ուշ երեկոյան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ իրականում ոչինչ էլ տեղի չի ունեցել, պարզապես Մեդվեդևի ակնարկը վերաբերել է նիստը շուտ ավարտելուն: «Նոր մի պահ մտնում եմ Ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդներն այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն Դմիտրի Մեդվեդևը, այլև մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետև բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավել տևեցին։ Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր Փաշինյանը: