Մոսկվան ի վերջո տեղի տվեց Բելառուսի իշխանությունների ճնշմանը` երեքշաբթի երեկոյան հայտարարելով Մինսկում ՌԴ դեսպան Միխայիլ Բաբիչի պաշտոնանկության մասին: Նրան կփոխարինի Իրկուտսկի նախկին նահանգապետ Դմիտրի Մեզենցևը: Բաբիչը դեսպանի պաշտոնում աշխատեց ընդամենը 9 ամիս՝լ 2018-ի օգոստոսից: Նրա կարճատև պաշտոնավարումն աչքի ընկավ սկանդալներով, որոնց հիմնական պատճառը Մինսկի և Մոսկվայի տնտեսական տարաձայնություններն էին, կամ Ռուսաստանի «հարկային մանյովրը», որի արդյունքում Մինսկը բազմամիլիարդ տնտեսական կորուստներ է կրում:
Դեսպան Բաբիչը ոչ միայն չէր փորձում հարթել տարաձայնություններն, այլ իր կոշտ, ոչ դիվանագիտական հայտարարություններով ավելի էր լարում կրքերը: Լուկաշենկոյի վարչակազմին խիստ նյարդայնացնում էին ոչ միայն Բաբիչի կտրուկ հայտարարություններն, այլև նրա մարզային այցերը, շփումները քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընդդիմության հետ, Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիոն գործընթացներին նոր թափ հաղորդելու նրա կոչերը:
Բաբիչի և ԱԳՆ-ի հարաբերություններն այն աստիճան սրվեցին, որ Մինսկը ՌԴ դեսպանին «անկախ պետության և դաշնային օկրուգի միջև տարբերությունները չնկատելու» հրապարակային մեղադրանք ուղղեց: