Ուկրաինայի ժամանակավորապես շրջափակված տարածքների հարցերով նախարարի տեղակալ Յուրի Գրիմչակը հայտարարել է, որ Դոնբասի՝ Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների բնակիչներին ՌԴ անձնագրեր ստանալու համար պետք է զրկել ուկրաինական քաղաքացիությունից: Նա մանրամասնել է, որ Ուկրաինայի Սահմանադրությունը քաղաքացիներին իրավունք է տալիս միայն մեկ երկրի անձնագիր ունենալ. «Ուստի նրանք, ովքեր կստանան կամ արդեն ստանում են ՌԴ քաղաքացիություն, կարող են կորցնել Ուկրաինայի քաղաքացիությունը»: Գրիմչակի համոզմամբ՝ պարզեցված կարգով ռուսական անձնագրերի տրամադրումը կթեթևացնի «այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների գրոհայինների կյանքը», ինչն էլ ռուսական իշխանությունների նպատակն է: Ըստ պաշտոնյայի՝ ռուսական քաղաքացիության տրամադրման արդյունքում Մոսկվան ապագայում հիմքեր կունենա հայտարարելու, որ Ուկրաինայի արևելքում պաշտպանում է իր քաղաքացիներին: Բացի այդ, հիշյալ ինքնակոչ հանրապետությունների ղեկավարները, ՌԴ քաղաքացիություն ստանալով, կկարողանան ապագայում Ուկրաինայի տարածքում խուսափել քրեական հետապնդումից: