Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ «Քաղաքացու որոշում» կուսակցության հաղորդմանը: «Քաղաքացու որոշում»-ը պահանջում է քրեական հետապնդում իրականացնել Ծառուկյանի նկատմամբ, եթե քննությամբ պարզվի, որ նա խախտել է Սահմանադրությունը և պատգամավորական գործունեությանը զուգահեռ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
«Ղեկավարվել ենք այդ ընթացակարգով, այդ հաղորդումն ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն, հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը Քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածով նախատեսված ընթացակարգերը ձեռնարկել, և ստուգողական գործողություններ կկատարվեն, դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական», - նշեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Խնդրո առարկան Ազգային ժողովի վերջին նիստում ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու կառավարության նախագծի քննարկումներին ԲՀԿ խմբակցության և Ծառուկյանի ակտիվ մասնակցությունն է: Հայաստանում ցեմենտ արտադրող խոշոր գործարանի՝ «ԱրարատՑեմենտ»-ի սեփականատեր Ծառուկյանն ու իր թիմակիցները պաշտպանում էին տեղական արտադրողի շահերը։ Ծառուկյանը խորհրդարանի ամբիոնից խոսեց իր գործարանի աշխատակիցների խնդիրներից, ԲՀԿ-ն դեմ քվեարկեց նախագծին: «Պետք է ընդամենը առավել մանրամասն ուսումնասիրել մեր հաղորդումը և գտնել բոլոր հարցերի պատասխանները», - ընդգծեց Դավթյանը։
ԲՀԿ նախագահ Ծառուկյանի դեմ հանցագործության մասին հաղորդումը ընթացք չէր ստանա, եթե դատախազությունը առերևույթ հանցագործության հատկանիշ չտեսներ: Թե ի՞նչ խախտումներ են արձանագրել գլխավոր դատախազը խուսափում է իր դիրքորոշումը հրապարակել: «Այ սա այն դեպքն է, երբ որ ես նախապես, եթե իմ կարծիքը հրապարակեմ, ես կկաշկանդեմ այդ 10-օրյա ժամկետում նյութեր նախապատրաստող պաշտոնատար անձին և իր գործողությունները։ Ես այս պահին տեսել եմ այդ հաղորդման մեջ, նորից եմ ասում, Քրեադատավարական օրենքով նախատեսված հանցագործության մասին հաղորդում, որը պետք է քննվի և պետք է դրան տրվի քրեաիրավական գնահատական։ Կտրվի քրեաիրավական գնահատական, հետո եթե ես ունենամ այլ դիրքորոշում, դուք անպայման դրա մասին կտեղեկանաք», - ընդգծեց Արթուր Դավթյանը։