Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղիին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է մայիսի 2-ին Երևանում հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը, որը լավ հարթակ է հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացման հարցերը քննարկելու համար: Նա նշել է, որ Հայաստանը կարևորում է ԱՄԷ հետ համագործակցությունը, և վերջին շրջանում երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը, զբոսաշրջության ոլորտում աճի միտումները վկայում են Հայաստան-ԱՄԷ համագործակցության զարգացման դրական դինամիկան:
ԱՄԷ պետնախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ջերմ ընդունելության համար և գոհունակություն հայտնել Հայաստան այցի, հանձնաժողովի նիստի արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների առնչությամբ: Ահմադ Ալի Ալ-Սայեղիի խոսքով՝ ԱՄԷ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ, տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմամբ, և հանձնաժողովի գործունեությունը հենց դա է վկայում:
Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով տնտեսական փոխգործակցության խորացման հարցեր: ՀՀ վարչապետը նշել է, որ կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում գործարար միջավայրի բարելավման, հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ՝ տնտեսության զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով: Հայ-էմիրաթական տնտեսական կապերի հետագա զարգացման տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, զբոսաշրջության, ՏՏ, վերականգնվող էներգետիկայի, ջրամբարաշինության ոլորտներում համագործակցությունը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ ԱՄԷ գործարարների համար դեպի ԵԱՏՄ և երրորդ երկրների շուկաներ: ՏՏ ոլորտում համագործակցության խորացման համատեքստում վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄԷ ընկերություններն ակտիվ կմասնակցեն 2019-ի հոկտեմբերին Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:
Ահմադ Ալի Ալ-Սայեղին նշել է, որ ԱՄԷ համար ևս հետաքրքիր է վարչապետի նշած ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, և ընդհանրապես ԱՄԷ-ն պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ գործակցությունը թե քաղաքական, թե տնտեսական, թե հումանիտար ոլորտներում: ՀՀ վարչապետը և ԱՄԷ պետնախարարն անդրադարձել են նաև օդային ուղիղ հաղորդակցության հաստատման ուղղությամբ քայլերին, որ կնպաստի ոչ միայն զբոսաշրջության, այլև առևտրաշրջանառության ծավալի ավելացմանը: Երկուստեք կարևորվել են գործարար համաժողովների անցկացումն ու բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերի կազմակերպումը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար: