Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ կառավարությունը մտադիր է բանակցել ԵԱՏՄ երկրների հետ, որ ավտոմեքենաների մաքսազերծման գները հայաստանցիների համար 2020-ի հունվարի 1-ից էականորեն չաճեն:
2015-ի հունվարի 2-ին անդամակցելով ԵԱՏՄ-ին ՝ Հայաստանը մինչև 800 ապրանքատեսակի գծով հինգ տարվա արտոնություն ստացավ, այդ ապրանքատեսակների մաքսատուրքերը չէին աճելու ու հավասարվելու ԵԱՏՄ մաքսատուրքերին: Ժամկետը սպառվում է, հին ավտոմեքենաների մաքսազերծման դրույքաչափերը կաճեն անգամներով: «Որոշում դեռ չկա: Ես հարցի բնույթի մասին կարող եմ խոսել՝ առանց ասելու, թե որը կարող է լինել լուծումը: Դուք էլ բնույթը գիտեք: Բոլորս հույս ունենք, որ կա հնարավորություն: Բայց երբ դիմումը լինի, մենք կխոսենք նաև դիմումի ձևաչափի մասին: Դեռևս դիմում չի եղել պաշտոնապես: Բայց դա գործընթաց է, որ պետք է արվի, և դրա շուրջ հիմա քննարկումներն ընթացքի մեջ են», - փոխանցեց նախարարը: Տիգրան Խաչատրյանը նաև ասաց․ՙՀիմա խոսքը վերաբերում է վերաբանակցելուն: Վերաբանակցելը եթե միայն վերաբերեր Հայաստանի ներքին շուկայի խնդրին, ամենայն հավանականությամբ ավելի կանխատեսելի կլիներ դրա ելքը: Բայց մենք գիտենք, որ էս երևույթը, երբ մեզ մոտ էդ ավտոմեքենաների համար մաքսազերծման վճարներն ավելի ցածր են, քան, օրինակ, ԵԱՏՄ որևէ երրորդ երկրում, պատճառ է դարձել, որ մեքենաները գրանցվեն էստեղ, վաճառվեն էնտեղ: Դա էլ երևացող բան է․ քաղաքներ կան այդ պետություններում, որտեղ հայկական պետհամարանիշներով մեքենաների քանակը այնքան մեծ է, որ իրենց քաղաքացիներն էլ են հարց տալիս՝ ինչո՞ւ էս հարկերը մեր երկրում չեն վճարվում, այլ վճարվում են Հայաստանում, որովհետև Հայաստանում դրա տուրքի դրույքաչափերը ցածր են: Հիմա պատկերացրեք, որ մենք պետք է բանակցությունների միջոցով կարողանանք հիմնավորել, թե դա ինչու պետք է էդպես լինի»: