«Հրապարակը» գրում է. «ՊՎԾ-ն տևական ժամանակ ստուգումներ էր անցկացնում ջրօգտագործման ոլորտում։ Նախօրեին ՊՎԾ պետի ԺՊ Արգիշտի Քյարամյանը հայտնեց, որ «ջրային ոլորտի ուսումնասիրությունները դրական արդյունքներ են տվել, ինչի արդյունքում 2 քրեական գործ կա հարուցված»։
Մեր տեղեկություններով, գործ դեռևս հարուցված չէ, նյութերն ուղարկվել են իրավապահներին, սակայն դրանցից մեկը վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Ստուգումների արդյունքում պարզել են, որ նրան պատկանող գինու-կոնյակի գործարանը տարիներ շարունակ ջուր է օգտագործել ու չի վճարել, նախնական հաշվարկով՝ խոսքը 2 միլիարդ դրամի մասին է։
Նիկոլ Փաշինյանը դեռ մարտին ԱԺ-ում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ջրօգտագործողների միությունների վերաբերյալ ասել էր, թե առաջիկայում բոլոր ՋՕՄ-երում ստուգումներ են կատարվելու։
«Պարզենք, թե ովքեր են գողացել, հետո չասեք՝ բոլոր ջրօգտագործողների միություններին լցնում եք բանտերը: Էս ի՞նչ սովորություն է՝ նստեն իրենց տեղը, թալանեն, ուտեն, վերջում գան ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, կառավարություն, դե վճարի: Ամենաշատ թալանված ոլորտն է, հեսա հերթով հետևներից գնալու ենք»,- ասել էր նա»: